Դատաձեռագրաբանական փորձաքննությունները պատկանում են քրեագիտական փորձաքննությանը՝ գործնականում առավել հաճախ հանդիպող սեռին: Այս փորձաքննությունները կարող են նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գրեթե բոլոր հանցագործություններով քննվող գործերով, երբ նշանակություն ունեցող ձեռագրի ու ստորագրության կատարողներն անհայտ են կամ երբ այդ ձեռագիրն ու ստորագրությունը կասկած են հարուցում:
Հետազոտման օբյեկտներ են գրավոր տեքստերը, ձեռագիրը և թվային գրառումներն ու ստորագրությունները (ստացականներում, կտակներում, դիմումներում, ցուցակներում, վճարման հանձնարարականներում, պայմանագրերում, ամուսնության վկայականներում և այլ փաստաթղթերում), ձեռագրի ու ստորագրության նմուշները, քրեական գործի նյութերը (նախապատրաստվող նյութերը):
Հետազոտվող փաստաթղթի ձեռագրում պարունակվող կոնկրետ ձեռագրային արտահայտությունը կոչվում է հետազոտելի օբյեկտ, որը կարող է լինել տեսքստի, գրառման կամ ստորագրության ձևով: Այն օբյեկտները, որոնց տեքստի կամ գրառման բովանդակային մասը կատարված է տառային նշանների (ոճավոր, արագագիր, տպատառ) միջոցով, կոչվում են տառային, թվային: Միաժամանակ և տառային, և թվային նշաններ պարունակող հետազոտելի տեքստը կամ գրառումը կոչվում է խառը:
Փաստաթղթում ձեռագիրը և ստորագրությունը կատարողին պարզելու համար փորձաքննությանն անհրաժեշտ են պատշաճ որակի և համապատասխան քանակի բարեխղճորեն նախապատրաստված համեմատական նյութեր: Նմուշների պատշաճ որակը՝ դրանց համադրելիությունն է հետազոտելի փաստաթղթերի հետ՝ ըստ կատարման ժամանակի, լեզվի, բովանդակության, գրելանյութի, կատարման եղանակի, կատարման պայմանների: Նմուշների բավարար քանակը դա նմուշների այն ծավալն է, որը հնարավորություն կտա փորձագետին ամբողջությամբ և բազմակողմանիորեն համադրել հետազոտելի տեքստում գրառման, ստորագրության մեջ պարունակվող բոլոր հատկանիշները: